Եթե հղի կնոջ շրջապատում ծխում են, ապա մեծ հավանականությամբ այդ երեխան կարող է ծնվել տարբեր արատներով, իմունանբավարարությամբ, շնչառական խնդիրներով: Ծխախոտի ծուխը սկսում է ազդել երեխայի նոր ձեւավորվող շնչուղիների վրա եւ դեռ չձեւավորված` ախտահարում դրանք:
Ակտիվ ծխողներին, ըստ Սերգեյ Սարգսյանի, նախեւառաջ սպառնում է թոքերի քաղցկեղը, կանանց մոտ` նաեւ կրծքագեղձի: Առաջացնում է նաեւ քրոնիկական բրոնխիտ, նիկոտինն ազդում է վերարտադրական եւ իմունային համակարգի վրա, քայքայում անոթային համակարգը: Ակտիվ ծխողներին ծխախոտի ծուխը նաեւ ապահովում է դեղնած եւ փառակալած ատամներ, մգացած եւ անխնամ մաշկ:
Մեր հարցին, թե հնարավոր է թողնել ծխելը` առանց դեղորայքային միջամտության, բժիշկը պատասխանեց, որ միանշանակ հնարավոր է. "Իհարկե, հնարավոր է, կամքի դրսեւորում է”: Այն մասին, որ շատ բժիշկներ, գիտնականներ քարոզում են չծխել, սակայն իրենք ծխում են, Սերգեյ Սարգսյանն ասաց.”Բժիշկները, գիտնականները եւս մարդիկ են եւ ունեն կամքի ուժի պակաս: Բարեբախտաբար, ես այդպիսին չեմ”,- եզրափակեց բժիշկը` մեզ եւ մեր ընթերցողին հիշեցնելով, որ ծխախոտի մեջ նիկոտինից բացի` 4 հազար նյութ կա:
Մարդուն համոզել դառնալ կամային, հնարավոր չէ: Բայց, ըստ իս, ամենաարդյունավետն այն կլինի, որ որեւէ մարդ որոշի չծխել եւ ոչ մի անգամ չզղջա իր որոշման համար, այն կասկածի տակ չդնի եւ փորձի երջանիկ զգալ, որ չծխող է` չի թունավորում իրեն եւ իր հարազատներին:
Ծխախոտը ոչ միայն քայքայում է մեր եւ մեր հարազատների, շրջապատողների առողջությունը, այլեւ ստեղծում է երեւակայական խաբկանք, թե հանգստացնում է ծխողին: Իրականում ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Գիտնականները նոր չեն ապացուցել, որ ծխելն ընդամենը կախվածություն է, ուրիշ ոչինչ:
Հաջողություն ձեզ ծխելը թողնելու ճանապարհին: